Քաղաքական խորհրդատվության ծագման պատմությունից
- arpioskanyan
- Apr 12
- 1 min read
Այսօր քաղաքական խորհրդատուները գրեթե նույնքան ճանաչելի են, որքան այն գործիչները, ում նրանք մատուցում են իրենց ծառայությունները։ Հենց նրանք են կառուցում քաղաքական գործչի իմիջը, մշակում բոլոր, այդ թվում՝ PR, ռազմավարությունները, և, եթե ոչ ամբողջապես, ապա էականորեն ազդում որոշումների վրա։
Քաղաքական խորհրդատուները հին աշխարհում
Քաղաքական խորհրդատվության գաղափարը նոր չէ։ Դեռ հին ժամանակներում իշխանություններին շրջապատում էին մարդիկ, ովքեր ոչ ֆորմալ, բայց ազդեցություն էին ունենում կայացված որոշումների վրա։ Եգիպտոսում այդ դերը կատարում էին գահավորակիցները, Հունաստանում՝ փիլիսոփաները։ Սակայն այդ ազդեցությունները համակարգված չէին և՝ որպես կանոն, զուրկ էին մասնագիտական հենքից։
Ժամանակակից քաղաքական խորհրդատվության ձևավորումը
Քաղաքական խորհրդատվությունը որպես մասնագիտություն ձևավորվում է 20-րդ դարի առաջին կեսին։ Այս գործընթացը առավել համակարգված է դառնում ԱՄՆ-ում՝ երբ սոցիալական հոգեբանությունն ու զանգվածային լրատվությունը սկսում են օգտագործվել համատեղ։ Էդվարդ Բերնեյս, ում հաճախ անվանում են հասարակայնության հետ կապերի առաջամարտիկ, ասում էր՝ «Եթե մենք կարողանանք ազդել մարդու մտածողության վրա, մենք կկարողանանք ազդել նաև նրա ընտրության վրա»։ Այսպես սկսեց ձևավորվել քաղաքական մարքեթինգը՝ որպես գործիք, որը ոչ միայն ներկայացնում է թեկնածուին, այլ նաև ուղղորդում է ընտրողների գիտակցությունը։
Քաղաքական իմիջն ու քարոզչության ճարտարապետությունը
Քաղաքական խորհրդատուների հիմնական գործիքներից է քաղաքական լեզուն, որը կարող է կանխորոշել զգայական արձագանքը, դիրքավորել առաջնորդին, փոխել ընկալումներ։ Քարոզարշավները դրանք մանրամասն մշակված ու հաշվարկված ռազմավարություններ են, իսկ խորհուրդները՝ անտեսանելի օղակ են քաղաքական գործչի ու ընտրազանգվածի միջև։ Ճիշտ կառուցված հանրային կերպարը, գրեթե միշտ հաղթում է քաղաքական բովանդակությանը՝ ինչքան էլ դա տարօրինակ չհնչի։
Եզրակացություն
Քաղաքական խորհրդատուները քաղաքականության գորշ կարդինալներն են, որոնք չեն երևում պաստառների վրա, բայց նրանք ամենուր են՝ ամեն բառի, ամեն ժեստի և յուրաքանչյուր հաղորդագրության ետևում։ Նրանք ձևավորում են ոչ միայն ընտրարշավներ, այլ նաև՝ քաղաքական մշակույթ։

Comments